ՀԻՆԳՇԱԲԱԹՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Ս/թ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայում կազմակերպված «Ոչ վիրաբուժական պերիօդոնտոլոգիա» հինգշաբաթյա դասընթացի ավարտական միջոցառումը: Հատուկ մեր թիմի հրավերով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքից Հայաստան ժամանած բժիշկ-հիգիենիստ Կարինա Մաթևոսյանն այս շաբաթների ընթացքում մեր մասնակիցներին փոխանցեց գործնական նոր գիտելիքներ բերանի խոռոչի պահպանողական բուժման և պացիենտի վարման ժամանակակից մոտեցումների ու մեթոդների, բժիշկ-պացիենտ էրգոնոմիկայի, պերիօդոնտոլոգիական բուժման համար անհրաժեշտ գործիքների, դրանց ճիշտ կիրառելության տեխնիկայի և այլի վերաբերյալ: Ողջ պրակտիկայի ընթացքում մեր մասնագետները հնարավորություն ունեցան աշխատել հատուկ աշխատանքային ֆանտոմների վրա, իսկ արդեն վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ հանդես գալու և բժշկի, և պացիենտի դերում՝ բուժման ողջ պրոցեսը համակողմանիորեն յուրացնելու նպատակով:Ավարտական միջոցառման ժամանակ մասնակիցները քննություն հանձնեցին, որից հետո դասընթացավար Կարինա Մաթևոսյանը և «Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամի հիմնադիր Դավիթ Հովհաննիսյանն ավարտական վկայականներ հանձնեցին մասնակիցներին՝ «Ոչ վիրաբուժական պերիօդոնտոլոգիա»-ի հինգշաբաթյա դասընթացը բարեհաջող ավարտելու կապակցությամբ: «Ստոմատոլոգիական Տուրիզմ Դեպի Հայաստան» հիմնադրամի կողմից շնորհակալագիր հանձնվեց նաև Կարինա մաթևոսյանին:
Խորին շնորհակալություն ենք հայտնում հիգիենիստ Կարինա Մաթևոսյանին մեր հրավերն ընդունելու և իր փորձառությամբ մեզ հետ կիսվելու պատրաստակամության համար, դասընթացի մասնակիցներ Նաիրա Հովհաննիսյանին, Ուրֆա Դեհբաշյանին, Մերուժան Հարթուն Քարամին, Քրիստինա Դաշտոյանին, Վիկտորյա Հարությունյանին, Մարիամ Ալեքյանին, Գևորգ Ալեքյանին, Գևորգ Ասատրյանին, Արմին Խոդաբախշին ստոմատոլոգիական բուժսպասարկման ոլորտում պահպանողական բուժման կարևորությունը գիտակցելու, այդ ուղղությամբ համաշխարհային փորձառությունը յուրացնելու և մասնագիտական նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամության համար: Շնորհակալություն ենք հայտնում «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկային հինգշաբաթյա դասընթացի կազմակերպչական նախաձեռնության, մասնակիցներին համապատասխան աշխատասենյակներով և անհրաժեշտ պարագաներով ապահովելու համար:Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր գործընկեր “Te Pe” ընկերությանը՝ մասնակիցներին բերանի խոռոչի խնամքի պարագաներ նվիրելու համար: