«Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում» ծրագրի թիմի նախաձեռնությամբ հունվարի 15–ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում տեղի ունեցավ «Նորարարական լուծումներ ստոմատոլոգիայում» ֆորումը:
Գիտաժողովի հիմնական նպատակն էր մեկտեղել ոլորտում մեծ փորձառություն ունեցող և երիտասարդ ստոմատոլոգներին, ինչպես նաև ոլորտի այլ շահագրգիռների՝ միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները և այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկելու համար: Հիմնական շեշտը դրվեց ատամնաբուժական զբոսաշրջության զարգացման, ծավալների ընդլայնման և ավելի շատ մասնագետների ներգրավման հեռանկարների վրա:
Ի թիվս ստոմատոլոգների՝ ֆորումին մասնակցում էին նաև տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբանական խորհրդատուներ, ՏՏ մասնագետներ, բիզնես անգլերենի մասնագետներ և այլք:
Ֆորումի ընթացքում ՏՏ ոլորտի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան «Բիթլիսմեն» ընկերության տնօրեն Աշոտ Մինասյանը, «Առաջնորդության դպրոցի» տնօրեն Սամվել Մովսիսյանը, «Էյ Էմ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավաբան Վանիկ Մարգարյանը, «Հյուր Սերվիս» կազմակերպության մենեջեր Մարիաննա Կոսակյանը: Մասնագիտական անգլերենի վերաբերյալ ելույթով հանդես եկավ նաև գործարար անգլերենի դասընթացավար Լուսինե Ստեփանյանը:
Ելույթով հանդես եկավ նաև «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական կլինիկայի տնօրեն, «Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում» ծրագրի ղեկավար, ֆորումի կազմակերպիչ Դավիթ Հովհաննիսյանը. «Այսօրվա հանդիպման նպատակն է մեկտեղել երիտասարդ և փորձառու ատամնաբույժներին՝ աջակցելու սկսնակ մասնագետներին` նորանոր հնարավորություններ բացահայտելու և նոր հմտություններ ձեռք բերելու համար: Հիմնական նպատակը, իհարկե, Հայաստանում ատամնաբուժական տուրիզմի զարգացումն է: Ես լիահույս եմ, որ մեր երկիրն այսօր բավականին գրավիչ է զբոսաշրջության տեսանկյունից, և այս փաստը օգտագործելով՝ մենք կարող ենք զարգացնել նաև ստոմատոլոգիական տուրիզմը: Մենք եզակի ժողովուրդ ենք, որն ունի մի քանի միլիոնի հասնող սփյուռք: Սա իսկապես մեծ ներուժ է և լայն հնարավորություն՝ ավելի մեծ շուկաներ նվաճելու համար: Իհարկե, սխալ կլինի ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման ծավալների բավարարումը միայն հայկական սփյուռքով: Կարևոր է նաև արտերկրի պացիենտների ներհոսքը, որը կարող ենք ապահովել որակյալ բուժսպասարկման միջոցով»:
Ոլորտին առնչվող հարցերին անդրադարձավ նաև ԵՊԲՀ ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, «ԿԼԱՆՍ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Լազար Եսայանը. «Կարծում եմ՝ տուրիզմը, ներառյալ ստոմատոլոգիական տուրիզմը, կարևոր և եկամտաբեր ուղղություն է յուրաքանչյուր երկրի համար: Իհարկե, այս հարցում կարևոր նշանակություն ունեն նաև կլինիկաների հագեցվածությունը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, համապատասխանությունը միջազգային ստանդարտներին, մասնագետների պրոֆեսիոնալիզմի մակարդակը: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պացիենտ կարող է «բերել» նոր պացիենտներ 1:10 հարաբերակցությամբ, բայց միևնույն ժամանակ, պացիենտի բացասական տպավորությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ 1:100 հարաբերակցությամբ: Չափազանց կարևոր է երիտասարդ մասնագետների ներգրավումը ստոմատոլոգիական զբոսաշրջության զարգացման գործընթացում»:
Ֆորումի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Հայ ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահի տեղակալ Գագիկ Քալանթարյանը. «Բոլոր ստոմատոլոգիական կենտրոններում պացիենտների գերակշռող մասը ծագումով հայ է, և միայն 3-5%-ն են օտարերկրացիներ, հիմնականում Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից: Կարող եմ նշել մի քանի գործոն, թե ինչու են նրանք նախընտրում բուժում ստանալ Հայաստանում՝ ծառայությունների մատչելի արժեքներ, բարձրորակ սպասարկում, որակյալ աշխատանք կարճ ժամանակահատվածում, հանգիստ ապաքինում: Իհարկե, ստոմատոլոգիական տուրիզմն ունի նաև թերություններ, ինչպես օրինակ, պացիենտի մեկնելուց հետո բժիշկը կորցնում է նրա հետ հետադարձ կապը»:
Զեկույցով հանդես եկավ նաև «Ջի ԴԻ ՍԻ» ընկերության տնօրեն, ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի ասպիրանտուրայի պրոֆեսոր Թորգոմ Դաշտոյանը: Նա առանձնացրեց 3 կետ՝
- Պետական աջակցության ու համագործակցության կարևորությունը՝ նախաձեռնության զարգացման համար, մասնավորապես լիցենզավորման ընթացակարգերի վերաբերյալ.
- Մենք պետք է ներկայացնենք բարձրորակ ծառայություններ՝ ապահովված համապատասխան բուժսարքավորումներով, անհրաժեշտ պայմաններով, բարձր որակավորում ունեցող մասնագետներով, բուժման ժամանակակից մեթոդներով.
- Անհրաժեշտ է նաև համագործակցել տուրիստական և այլ շահագրգիռ ընկերությունների հետ՝ ստոմատոլոգների համար հատուկ ծառայություններ մատուցելու համար, քանի որ նրանք ոչ թե սովորական զբոսաշրջիկներ են, այլ պացիենտներ
Ֆորումի երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված էր մասնագիտական քննարկումներին. Միկրոսկոպի կիրառելիությունը պրակտիկայում, կծվածքի վերականգնման ցուցումները, իմպլանտացիայի մեթոդները, էսթետիկ և ֆունկցիոնալ արդյունքներ իմպլանտացիայի միջոցով և այլն:
Այդ թեմայով ելույթներ ունեցան նաև Ռուսաստանից ժամանած մասնագետներ Կարեն Չավուշյանը («Դա – Վինչի» էսթետիկ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի գլխավոր բժիշկ, Ստավրոպոլ), Համլետ Մկրտչյանը («Գեղեցկություն և առողջություն» ամսագրի ստոմատոլոգ-խորհրդատու, պրոֆեսոր, Մոսկվա), ինչպես նաև Հրանտ Տեր-Պողոսյանը (Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի բժիշկ-օրթոդոնտ, Հայաստան):
Ֆորումին մասնակցեցին տարբեր կազմակերպությունների շուրջ 170 ներկայացուցիչներ:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին: