«Նորարար լուծումներ ստոմատոլոգիայում» ծրագրի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ հերթական ֆորումը, որի ընթացքում երիտասարդ ստոմատոլոգները և ոլորտի փորձառու մասնագետները հնարավորություն ունեցան քննարկելու մի շարք հարցեր: Հանդիպման հիմնական թեման էր «Նորարարական մոտեցումները վերականգնողական և էսթետիկ պրոթեզավորման ընթացքում»: «Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում» ծրագրի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը նշում է, որ առաջիկայում նախատեսվում է ստեղծել հիմնադրամ, որի նպատակն է ձևավորել հարթակներ ՝ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տարածման համար: Այդպիսի մի շարք ձևաչափեր կան: Այդ ձևաչափերից մեկն էլ «Նորարարական լուծումներ ստոմատոլոգիայում» ֆորումն է, որը հնարավորույթուն կտա մեր թիմի օգնությամբ բարձրացնել Հայաստանում ստոմատոլոգիական գործունեության և հեղինակության մակարդակը»:
Ֆորումին մասնակցելու նպատակով Մոսկվայից Հայաստան է ժամանել «Ավրորա» էսթետիկ ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի կենտրոնի տնօրեն, բժիշկ Արամ Դավիդյանը: Վերջինս ոլորտի ճանաչված մասնագետներից է, ով պարբերաբար ելույթներ է ունենում տարբեր երկրներում: Սա բժշկի առաջին այցն էր հայրենիք: Իր ելույթի ընթացքում հիմնականում անդրադարձավ ստոմատոլոգիական իմպլանտացիային, ժամանակակից մեթոդներին, սարքավորումներին, իդեալական էսթետիկ արդյունք գրանցելու ուղիներին: Երեկվա հանդիպումը նպատակ ուներ համախմբել երիտասարդներին, ովքեր լսարանի մեծամասնությունն էին կազմում: Միջոցառումների մասնակցությունն անվճար է` բոլորին հասանելի դարձնելու նպատակով: Ֆորումին մասնակցում էին ավելի քան 450 ստոմատոլոգ, այդ թվում՝ Վրաստանից և Ռուսաստանից ժամանած բժիշկներ:
«Մենք տեսնում ենք երիտասարդության ողջ ներուժը, ինչը կխթանի Հայաստանում ստոմատոլոգիայի զարգացումը: Հանդիպման գլխավոր թեման իմպլանտացիան և դրա նորագույն մեթոդներն են, էսթետիկ արդյունքների հասնելու ուղիները: Լեփ-լեցուն դահլիճը թույլ է տալիս ենթադրել, որ երիտասարդ մասնագետները հետաքրքրված են իրենց առաջընթացով: Բժշկական համալսարանը, Ստոմատոլոգների ասոցիացիան մեծ աշխատանք են կատարում տեսական գիտելիքներ փոխանցելու ուղղությամբ, սակայն երիտասարդ մասնագետներն ունեն գործնական գիտելիքների պակաս: Նմանատիպ նախաձեռնությունները նպատակաուղղված են լրացնելու այդ բացը», – ասաց Դավիթ Հովհաննիսյանը:
Բժիշկ Արամ Դավիդյանն իր խոսքում նշեց, որ հրավերն ընդունել է մեծ սիրով և տպավորված է մասնակիցների հետաքրքրությամբ և ուշադրությամբ. «Փորձեցի կիսվել նորագույն տեխնոլոգիաների կիրառման իմ փորձառությամբ: Ես վստահ եմ, որ առաջիկա տարիներին այս երիտասարդ մասնագետները նորագույն տեխնոլոգիաներն անպայման կկիրառեն իրենց պրակտիկայում՝ սեփական փորձով զգալով դրանց կարևորությունը»: Ա.Դավիդյանն իր պատրաստակամությունը հայտնեց հանդիպելու և համագործակցելու բոլոր այն երիտասարդների հետ, ովքեր առաջարկներ կունենան:






















