2019-2020 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների տրամադրում և ISD ուսումնական սենյակի ՝ Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած Կարո Հովագիմյանի անունով անվանափոխման արարողություն

2021թ. օգոստոսի 21-ը ISD ստոմատոլոգիական դպրոցում նշանավորվեց հիշարժան իրադարձությամբ.

2019-2020 ուստարվա շրջանավարտներին դիպլոմների տրամադրման համեստ ավարտական միջոցառման խորհուրդը լրացվեց ISD ուսումնական սենյակի ՝ Արցախյան 44 օրյա պատերազմում անմահացած Կարո Հովագիմյանի՝ մեր եղբոր, մեր գործընկերոջ անունով անվանափոխման արարողությամբ:

Ներկա էին Կարոյի ծնողները՝ մեր շատ հարգելի Սարգիս և Զեփյուռ Հովագիմյանները, նրանց կողմից հիմնադրված «Կարո Հովագիմյան» հիմնադրամի տնօրեն պարոն Հագոփը, ով ներկայացրեց հիմնադրամի առաքելությունը:

Շրջանավարտներին ողջունեցին ISD ուսումնական գործընթացին սատարած մեր գործընկերները՝ «Էլդեքս» , «Ջի-Դի-Սի» «Էն-վի դենտալ» կազմակերպությունների և «Առաջնորդության դպրոցի» ներկայացուցիչները: Մեր թիմի երախտագիտությունն ենք հայտնում այս կազմակերպություններին, նաև ՝ տեղական և արտասահմանից ժամանած մեր շնորհալի դասախոսներին՝ Հրանտ Տեր-Պողոսյան, Առաքել Թորոսյան, Վահագն Բաղեյան, Սարգիս Հովագիմյան, Դավիթ Գրիգորյան, Դավիթ Մաթևոսյան, Լարինա Բիչախչյան, Միհրան Մինասյան, Ալեքսանդր Լապշին, Նաիրա Հովհաննիսյան, Մարտիկ Հարթունյան, Դավիթ Հովհաննիսյան, Կարինա Մաթևոսյան, Լևոն Սարգիսով, Բագրատ Սմբատյան, Արամ Աբգարյան, Արամ Դավիդյան, Կարեն Չավուշյան, Համլետ Մկրտչյան, Հաբեթ Մուքոյան, Տիգրան Մնացականյան, Դմիտրիյ Կոմպանիետսը։

Մեր շրջանավարտները մասնագիտական բարձր պատրաստականությամբ լծվելու են ջանադիր աշխատանքի՝ նպաստելով ՀՀ-ում ստոմատոլոգիայի, մասնավորապես ՝ Ստոմատոլոգիական տուրիզմի զարգացմանը , ինչը դպրոցի հիմնադիր իրավաբանական մարմնի ՝ «Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» հիմնադրամի նպատակն է: Կանաչ ճանապարհ մեր շրջանավարտներին:

Այսուհետ ևս ով մուտք կգործի ISD ուսումնական սենյակ , խոնարհումով կհիշի հայոց հողի, հայ ժողովրդի լինելիության համար իր ամենաթանկը՝ կյանքը նվիրած Կարոյին ու կարժանանա նրա ՝ ի վերուստ բարեխոսությանը՝ ապրելու, զարգանալու ու զարգացնելու , հզորանալու ու հզորացնելու մեր երկիրը. սա է Կարոյի ու հերոսացած մեր մյուս եղբայրների կյանքի գինը: