Բժշկական տուրիզմը, այլ ճյուղերի հետ միասին, Հայաստանի զարգացման կարևոր գործոններից է և մեծ հեռանկար ունեցող ոլորտ: «Սպիտակ Ամրոց» Ստոմատոլոգիական Բժշկական Կլինիկայի աշխատանքային թիմը գործնական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ:
«Ստոմատոլոգիական տուրիզմ դեպի Հայաստան» և «Լուծումներ» նախագծերի թիմերի հատուկ հրավերով Հայաստան էին այցելել «Միջազգային Բժշկական Տուրիզմի» ասոցացիայի ներկայացուցիչները, ասոցիացիայի նախագահ Ռենե-Մարի Ստեֆանոյի գլխավորությամբ: Հրավերի և այցի նպատակը Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանն աջակցելն է: Ծրագրի շրջանակներում հյուրերն այցելեցին մի շարք առաջատար բժշկական և ստոմատոլոգիական կենտրոններ: Ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացվեցին Երևանի քաղաքապետարանում և Առողջապահության նախարարությունում, ինչպես նաև Տուրիզմի հայկական ինստիտուտում:
Հուլիսի 1-2-ը հյուրերը մասնակցեցին «Լուծումներ» նախագծի աշխատանքային թիմի կողմից «Գոլդեն Փելես» հյուրանոցում կազմակերպված «Զբոսաշրջությունը Հայաստանում» ֆորումին, իսկ հուլիսի 3-ին՝ «Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում» և «Լուծումներ» աշխատանքային թիմի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական բժշկական համալսանում կազմակերպված «Բժշկական տուրիզմի դիսկուսիա» սեմինարին: Սեմինարի նպատակն էր հետամուտ լինել կլինիկաների և հիվանդանոցների վերջին զարգացումներին: Հրավիրված էին ներկայացուցիչներ առաջատար բժշկական և առողջապահական կենտրոններից, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային ընկերություններից: Սեմինարի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, և հնչեցին առաջարկներ՝ համանման սեմինարներն ավելի հաճախադեպ դարձնելու ուղղությամբ:
Այցի ընթացքում ԵՊԲՀ-ի, Բժշկական տուրիզմի ասոցիացիայի, «Լուծումներ» և «Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում» ծրագրի ներկայացուցիչների միջև ստորագրվեցին հուշագրեր՝ համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Հյուրերը մեծապես գոհ մնացին համաձայնագրերի շրջանակներում ակտիվ համագործակցության խոստումնալից մեկնարկից և գործընկերության հետագա հեռանկարներից:


















